Tuesday, March 22, 2016

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն` Զատիկ

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով:


Հնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը, այդպիսով հաշվելով մինչեւ Զատիկը մնացած օրերը:
Իսկ Զատկից 1-2 շաբաթ առաջ խոտ էին աճեցնում ապսեներում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Զատկի տոնի անբաժան մասն էր կազմում նաեւ զատկի ծառը, որը ուրբաթ երեկոյան, Զատկից մեկ օր առաջ, զարդարում էին վառ գույնի թելերով, հավկիթներով, ինչպես նաեւ Ակլատիզի տիկնիկներով:
Ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու, Ակլատզի տիկնիկը, որպես հաջողության խորհրդանիշ, դնում էին տներում Մեծ պասի առաջին իսկ օրվանից: Ըստ ավանդության, այն խորհրադանշում էր առնականությունը: Իսկ Զատկից հետո կանայք պետք է այրեին այն կամ նետեին ջուրը: Հնում հայ կանայք Զատկի տոնին սպիտակ բանջարից նվիկ էին պատրաստում եւ սոխով եւ լոբով լցոնված կուտապ: Քանի որ Զատկի տոնին ընդունված էր տարբեր գուշակություններ անել, ապա կանայք գաթա էին թխում, որտեղ մետաղադրամ էին դնում: Պատրաստի գաթան կտրատում էին ընտանիքի անդամների թվով եւ ում որ բաժին ընկներ մետաղադրամը, նրա համար եկող տարին հաջողություն էր բերելու: Ըստ ավանդության, Զատկին բախտ էին բաժանում, եւ ով, որ քնած էր անցկացնում այդ գիշեր, նա զրկվում էր բախտից:
Իսկ շաբաթ երեկոյան սեղանի վրա պետք է լիներ ձուկ, տապակած բանջար ու քաղցր փլավ, ինչն ավետում է Մեծ պասի ավարտը, որի ընթացքում չի կարելի միս եւ կաթնամթերք ուտել: Հայաստանում եւ սփյուռքում կանաչին տարբեր կերպ են մատուցում` օրինակ, Իրանում հայերը տարբեր տեսակի կանաչի են տապակում հավկիթի հետ, Հայաստանում եւս բանջար են պատրաստում, սակայն միայն մեկ տեսականի են օգտագործում` սպանախ, սիբեխ, ծնեբեկ կամ այլ կանաչի, որն աճում է Հայկական բարձրավանդակում:
Հնում ժողովրդական տոնախմբությունը շարունակվում էր մինչ ուշ երեկո:
Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։


Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:
Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:
Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:





No comments:

Post a Comment